Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանել է արդարադատության նախարարի` կառավարությանը անվստահություն հայտնող ընդդիմադիրներին ուղղված` «ղալաթ են արել» արտահայտությանը: Հրայր Թովմասյանին Արմեն Ռուստամյանը «տեղն է դրել», ինչն էլ ԱԺ պատգամավորներին զվարճություն է պատճառել: Փաստորեն, կոռեկտության սահմանները վաղուց վերաձևած մեր քաղաքական էլիտան թքած ունի քաղաքավարության, դաստիարակության, բարոյականության և նման այլ արժեքների վրա: Եթե մեկին մի բան դուր չի գալիս, լինի իշխանությունից թե ընդդիմությունից, նա անմիջապես յուր լեքսիկոնի գոհարներն է շաղ տալիս` «Որքան հեռու, այնքան լավ» սկզբունքով: Ի դեպ, Հրայր Թովմասյանը օրեր առաջ պարզաբանել էր, թե «ղալաթ անելը» արաբերեն նշանակում է սխալ անել, սակայն խնդիրն այն է, որ մեզանում այդ արտահայտությունը մի փոքր այլ իմաստ է ստացել` դուրս գալով սոսկ սխալված լինելու իմաստային սահմաններից: Իրականում ավելի լավ չէ՞ չվիրավորել` հետագայում այն խմբագրելու հարկադրանքին չենթարկվելու համար: Մանավանդ որ տվյալ խմբագրումը ստվերվում է արդեն իսկ վիրավորանքից ստացված տպավորությամբ: Եվ դեռ ավելին` համարժեք պատասխան է ենթադրում հակառակ կողմից:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ